Երեւանում Ազգային Ժողովի դիմաց արդեն 4-րդ օրը նստացույց անող «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներին Ազգային Ժողովի ներկայացուցիչներից ոչ ոք այդպես էլ չի մոտեցել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը` նշելով, որ այսօր ժամը 18:00-ին նախաձեռնությունը կդադարեցնի նստացույցը:
«4 օր է սպասում ու ակնկալում էինք Ազգային Ժողովի ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպում, սակայն ոչ ոք չմոտեցավ մեզ` ապացուցելով, որ իրենք իրենց նույն ոճի մեջ են եւ արհամարհում են դիմումը ստորագրած 7500 քաղաքացիների կարծիքը»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Դավիթ Հովհաննիսյանի խոսքով, չնայած որ Ազգային Ժողովի դիմաց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության չորսօրյա նստացույցի ընթացքում նախաձեռնության անդամներին ոչ ոք չի մոտեցել, բայց նստացույցն արդյունք է տվել` ժողովուրդը տեսավ ու հասկացավ, որ Հայաստանում դեռ մնացել են ուժեր, որոնք պայքարում են լավ Հայաստան ունենալու համար:
«Արդյունք տվեց, մեր բոլոր քայլերի մեջ մենք միշտ որոշակի արդյունք ունենք, արդյունքն այն է, որ երկրում կա ուժ ու քաղաքացիներ, որոնք իրոք պատրաստ են պայքարել ու հասնել իշխանափոխության: Այս նստացույցով փորձեցինք ցույց տալ նաեւ, որ Հայաստանում կան անկեղծ մարդիկ, որոնք պայքարում են, ունեն ռեսուրս եւ շարունակելու են այս ամենը, մինչեւ որ հասնեն իրենց նպատակին` Սերժ Սարգսյանի ու իր կուսակցության պաշտոնանակությանը»,-ասաց նախաձեռնության խորհրդի անդամը:
Նշենք, որ «Ոտքի Հայաստանը» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ակնկալիքով ՀՀ Ազգային Ժողովի դիմաց նստացույց է սկսել հոկտեմբերի 26-ից:
Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստանը» Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում պահանջում է Ազգային Ժողովից ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012թ. եւ 2013թ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012թ.-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ:





























