Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային փաթեթ, որով առաջարկվում է ներդնել հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն, անդրադառնալով նորամուծությանը, նշել է, որ փաստաթղթի հիմքում դրված հիմնական սկզբունքն այն է, որ հարկ վճարողների կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները դեռեւս չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորություն արտացոլող հարկային հաշվարկ. «Հետեւաբար, հարկ վճարողը մինչեւ հարկային հաշվարկների ներկայացումը կարող է փաստացի տնօրինել իր կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում՝ հետ ստանալ: Միասնական գանձապետական հաշվի ներդրմամբ կվերանա գերավճարներ կուտակելու հնարավորությունը»: ՀՀ ՖՆ Մաշտոցի հարկային տեսչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանի խոսքով, տեսչությունում հաշվառված շուրջ 12000 հարկ վճարողների հարկային պատմությունները ներկայում վարվում են թղթային եղանակով. «Օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավորություն է ստեղծվում հարկ վճարողների անձնական հաշվի քարտը վարել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ հնարավորություն ընձեռելով առանց հարկային մարմին այցելելու իրական ժամանակում հետեւել անձնական հաշվի քարտի շարժին ու մնացորդներին»:
Մաշտոցի հարկային տեսչության տեղեկատվության եւ վերլուծության բաժնի պետ Արուսյակ Սիմոնյանի տեղեկացմամբ, ներկայում գործում է շուրջ 50 գանձապետական հաշիվ եւ յուրաքանչյուր հարկատեսակի գծով վարվում է անձական հաշվի առանձին քարտ. «Նախաձեռնության արդյունքում էապես կնվազի տնտեսվարող-հարկային մարմին անմիջական շփումը, քարտապաններ կվերապրոֆիլավորվեն նոր իրականության պահանջներին համապատասխան»:





























