Եվրամիության «Արեւելյան գործընկերությունը» ծրագիրը չի ձախողվել, չնայած ակնկալիքները դրա իրական արդյունավետությունից շատ ավելի բարձր էին: «Երկխոսություն» միջազգային մամուլի կենտրոնի նախագծի շրջանակում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ՝ հոկտեմբերի 30-ին, այդ մասին հայտնել է Ukraine Analytica ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Շելեստը՝ անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ծրագիրն արդյոք ամբողջովին չի ձախողվել:
Նա համոզված է, որ ծրագիրը լավ արդյունքներ է ապահովել «Արեւելյան գործընկերության» երկրների միջեւ համագործակցության եւ քաղաքացիական հասարակության համախմբման տեսակետից, թույլ է տվել բարձրաձայնել ԵՄ-ի հետ համագործակցության կարեւոր հարցերը: «Հիմա մենք վերանայում ենք այն: Շատ կարեւոր է պարզել ՝ արդյո՞ք դասեր քաղված են, որոնք են լինելու հետագա գործունեության գերակայությունները, ինչ ֆինանսավորում է դրան հատկացվելու»,- նշել է Շելեստը:





























