Հայաստանի ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 30-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈՒ զարգացման 2016-2020թթ. շրջափուլի նախապատրաստական աշխատանքների, զարգացման պլանի հիմնական ուղղությունների քննարկմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Ողջունելով նիստի մասնակիցներին` Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության եւ անվտանգային համակարգի հեռանկարային զարգացման համատեքստում կարեւորել է պաշտպանության արդեն երկրորդ ռազմավարական վերանայման գործընթացի անհրաժեշտությունն ու արդիականությունը: Գործընթաց, որի վերջնանպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ երկարաժամկետ եւ կայուն զարգացումը, ընդլայնել զինված ուժերի մարտական կարողությունները:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ զարգացման պլանի միջոցառումների կատարման ընթացքին, ռազմավարական վերանայման յուրաքանչյուր փուլի հիմնական եզրահանգումներին եւ խնդրահարույց հարցերին, բանակում ներդրված «Խելացի պաշտպանություն», «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքների եւ մոտեցումների կիրառման գործնական արդյունքներին, միջազգային ռազմական համագործակցության հնարավորությունների ընդլայնման, զորային կառույցի կատարելագործման եւ ընդհանուր առմամբ պաշտպանական համակարգի վերափոխման կարեւորագույն ուղղություններին: Քննարկվել են ՀՀ անվտանգային միջավայրի շուրջ առկա եւ հավանական սպառնալիքները, դրանց հակազդման մեխանիզմներն ու ռազմավարական բնույթի միջոցառումները: Օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, հնչել են մի շարք առաջարկություններ: Արծարծված հարցերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ կոլեգիայի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները: Հետագա անելիքների վերաբերյալ նիստի մասնակիցներին առաջադրվել են որոշակի խնդիրներ:
Կոլեգիայի նիստի ավարտին ամփոփվել են նաեւ 2015թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված աշխատանքները, կարեւորագույն միջոցառումները, մատնանշվել են ձեռքբերումներն ու բացթողումները: Առաջիկա հիմնական անելիքների եւ մասնավորապես` ձմեռային նախապատրաստական միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ դրանց կատարման ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:





























