Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չի գործում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, ընդդիմության պառակտվածության մասին իշխանության տարած քարոզչությունն ամբողջությամբ հերյուրանք է։ «Եւ «Նոր Հայաստանը», եւ «Չեք անցկացնին» համախմբված աշխատում ենք, անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք, գործողությունները համադրում ենք։ Մենք նաեւ ընթանում ենք միասնական գործողություններ կատարելու ճանապարհով։ Մի փոքր կարող է կողքից դժվար թվալ, բայց ես մեխ հույս ունեմ, որ մենք միասնական ուղու վրա լինելու ենք»,- նշել է Մարտիրոսյանը եւ հավելել. «Մենք մեկս մյուսի դեմ չենք չենք գործում։ Մենք շատ քիչ ենք մնացել որպես ընդդիմադիր եւ թույլ չենք կարող տալ մեզ առանձին գործելկու շռայլությունը»։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, իշխանությունը փորձեց պառակտել ընդդիմադիր քաղաքական ուժերին, ձեւավորեց «Այո»-ի շտաբը։ «Որեւէ փոքրիշատե ժողովրդավար երկրում չեք կարող տեսնել, որ վարչական ռեսուրսն ամբողջությամբ լծվել է որեւէ քարոզարշավի, իսկ Հայաստանում այդպես է։ Դա ցույց է տալիս, որ իշխանությունը բացահայտ գնում է իշխանությունը զավթելու ճանապարհով»։ Նա նաեւ նշեց, որ դեկտեմբերի 1-ից պետք է սկսեն միասնական գործողությունները եւ այնքան են անելու, մինչեւ իշխանափոխություն լինի։





























