Լեհական դատարանն անօրինական է համարել ռեժիսոր Ռոման Պոլանսկու արտահանձնումը ԱՄՆ-ին, որտեղ նա բռնաբարության համար է մեղադրվում։ Ուրբաթ օրը նման եզրակացության է հանգել դատարանը՝ քննարկելով հունվարին ԱՄՆ-ի իշխանություններից ստացված՝ արտահանձնման պահանջը։
Ինքը՝ Պոլանսկին հեռացել է Լեհաստանից՝ չներկայանալով դատարան։ Ռեժիսորը Կրակովում էր, երբ սկսվել էր դատավարությունը, բայց դատարանի փոխարեն, նա Փարիզ էր մեկնել։ Այդ մասին տեղեկացրել է տեղական ռադիոկայանը՝ վկայակոչելով չվերթի ուղեւորների ցուցակը։ Ռեժիսորին չարտահանձնելու՝ լեհական դատարանի որոշումը ենթակա է ԱՄՆ-ի կողմից բողոքարկման։
ԱՄՆ-ում 83-ամյա ռեժիսորը մեղադրվում է 1977-ին անչափահաս Սամանտա Գեյմերին բռնաբարելու համար։ Պոլանսկին դատարանում խոստովանել է իր մեղքը։ 2009-ի սեպտեմբերին Ցյուրիխի կինոփառատոնի ընթացքում Ֆրանսիական եւ լեհական քաղաքացիություն ունեցող Պոլանսկին ձերբակալվել էր ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով։
Մի քանի ամիս անց Պոլանսկուն 4,5 միլիոն դոլար գրավով բաց էին թողել, իսկ 2010-ի հուլիսին շվեյցարական արդարադատության նախարարությունը որոշել էր հրաժարվել ռեժիսորին՝ ԱՄՆ-ին արտահանձնումից եւ վերջնականապես ազատ էր արձակել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ Լոս Անջելեսի դատարանը չէր բավարարել Պոլանսկու՝ գործը կարճելու հայցադիմումը։ Գերագույն դատարանը որոշել է, որ Պոլանսկու՝ գործը կարճելու մասին պնդումները չեն կարող բավարարվել, որովհետեւ Պոլանսկին թաքնվում է մեկ այլ երկրի արդարադատությունից։
Պոլանսկին 1978-ին գաղտնի հեռացել է ԱՄՆ-ից՝ անմիջապես այն բանից հետո, երբ դատավորը հրաժարվել է ընդունել հանցագործության կատարման վերաբերյալ նրա ինքնակամ խոստովանությունը։ Ամերիկյան օրենքներով ռեժիսորին անչափահասին բռնաբարելու համար ոչ պակաս, քան 50 տարվա ազատազրկում էր սպառնում։




























