Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ թիվ 9268 չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» Airbus-ի պատասխանատվությունն ուղեւորների առջեւ, ինչպես նաեւ հենց ինքը՝ օդանավն ապահովագրված են «Ինգոսստրախ» ընկերությունում: Ըստ պայմանագրի պայմանների՝ մեկ ուղեւորի համար ապահովագրային վճարը ավելի քան 2 մլն ռուբլի կկազմի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ինգոսստրախի» գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Սոլոմատինը:

«Մեկ ուղեւորի համար ապահովագրական վճարը կկազմի ավելի քան 2 մլն ռուբլի: Վճարի ճշգրիտ գումարը հիմա մասնագետները պարզում են»,- ասել է Սոլոմատինը՝ շեշտելով, որ «Ինգոսստրախ» ընկերությունը պատրաստ է ամբողջական ծավալով կատարել ապահովագրության պայմանագրով ստանձնած իր պարտականությունները:

Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 օդանավը հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ կատարելիս վթարի է ենթարկվել Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղեւոր ու անձնակազմի յոթ անդամ: