Եթե Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի հզորությունը նվազեցնենք, կարող է բարձրանալ էլեկտրականության գինը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Վլադիմիր Ասմոլովը։
«Ռոստաոմ» ընկերությունը վերջին 2 տարիների ընթացքում տքնաջան աշխատում է ՎՎԷՌ-440 տեսակի ռեակտորի կառուցման վրա, որը սակայն լրիվ նոր հիմքի վրա է կառուցվելու։ Հարցն այն է, որ նրա հզորությունը նվազում է, իսկ անվտանգության պահանջները՝ ոչ։ Դա նշանակում է, որ բացարձակ հաշվարկով միջին էներգաբլոկն ավելի էժան է, սակայն հզորության մեկ միավորի վերահաշվարկով՝ ավելի թանկ։ Մեկ մեգավատի եւ 1000 մեգավատի անվտանգության պահանջները նույնն են»,- պարզաբանել է Ասմոլովը։
Այս կապակցությամբ նա նշել է, որ Նիժնի Նովգորոդում «Ռոսատոմը» 2 փորձարկություն է անցկացրել, որոնք, ցավոք սրտի, վկայում են էլեկտրականության գնի բարձրացման մասին։
«Առաջին փորձի ժամանակ նախագծվել է ավանդական ՎՎԷՌ-1200 էներգաբլոկ, բայց 600 ՄՎտ հզորությամբ։ Երկրորդ փորձի ժամանակ ռեակտորի հզորությունը մեծացվել է։ Այսինքն առաջին դեպքում ինժեներները վերեւից ներքեւ են գնացել, իսկ երկրորդ դեպքում՝ ներքեւից վերեւ։
Նիժնի Նովգորոդի աշխատանքի արդյունքները տվել են այլ նախագծող ընկերության, որը փորձել է ցանկացած միջոցով իջեցնել էլեկտրականության գինը։ Բայց միեւնույնն է, այն 30 տոկոսով ավելի բարձր է եղել»,- եզրափակել է Ասմոլովը։
այկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989-ին այն փակվել է, իսկ 1995 թվականին 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը կրկին վերագործարկվել է: Հաշվի առնելով պարապուրդը՝ որոշում էր կայացվել շահագործման ժամկետները 2006թ.-ից երկարաձգել մինչեւ 2016թ.։ Նշենք, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 31-32 տոկոսը։ 5-6 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 4 տոկոս։ Այն պակասել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի եւ նոր ՀԷԿ-երի շահագործման հաշվին։




























