Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ոչ հավաստի է համարել այն տեղեկությունը, թե «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռը վնասվել է ահաբեկիչների ձեռքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք սերտ կապի մեջ ենք Եգիպտոսի մեր գործընկերների` այդ երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Եվ այս պահին նրանք ոչ մի տեղեկություն չունեն, որը հաստատեր նման ենթադրությունը», - ասել է Սոկոլովը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ «Իսլամական պետությանը» ենթակա ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի ջախջախման համար:
Հիշեցնենք, որ Airbus-321 օդանավը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ: Թռիչքից 23 րոպե հետո կապն օդանավի հետ կտրվել է եւ այն անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են:




























