Եվրոպայի երկու խոշորագույն ավիաընկերությունները՝ Lufthansa-ն եւ Air France-KLM-ն րոշել են դադարեցնել թռիչքները Եգիպտոսի Սինայի թերակղզու վրայով, որտեղ հոկտեմբերի 31-ին աղետի է ենթարկվել ռուսական օդանավը, հաղորդում է Reuters-ը:

Նման որոշումը նրանք բացատրել են նախազգուշական նկատառումներով: Lufthansa-ն եւ Air France-KLM-ն մտադիր են սպասել Եգիպտոսի երկնքում Airbus A321 օդանավի աղետի հետաքննության արդյունքներին: Գերմանական ընկերությունում նշել են, որ Lufthansa-ի օդանավերը օրական 10 անգամ թռչում են ՍԻնայի տարածքով:

«ՌԻԱ նովոստիի» աղբյուրը նշել է, որ «Ռոսավիացիան» խորհուրդ է տվել «Կոգալիմ ավիային» չթռչել Եգիպտոս, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Airbus-321 օդանավը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ: Թռիչքից 23 րոպե հետո կապն օդանավի հետ կտրվել է եւ այն անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են: