Թուրքիայում առանցքային ընտրություններից մի քանի օր առաջ այդ երկրում ուժեղ բռնությունների են ենթարկվում ընդդիմադիր լրատվամիջոցները, գրում է ռումինական LO News պարբերականը: Վերջին մեկ շաբաթում դադարեցվել են 7 ընդդիմադիր հեռուստաալիքների հեռարձակումը պետական TURKSAT արբնյակային ցանցով: Այժմ թիրախի տակ է Koza Ipek ընկերությունը, որը վերահսկում է մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում Bugun եւ Millet օրաթերթերը, ինչպես նաեւ Bugun TV եւ Kanalturk հեռուստաալիքները, գրում է պարբերականը:
Հոդվածում նաեւ նշվում է.
«Երեքշաբթի ոստիկանությունը հայտնվել է ընկերության գրասենյակում եւ հայտարարել, որ Անկարայի դատարանը իր վերահսկողության տակ է վերցրել այն ու նշանակել պետական ադմինիստրատոր:
Ipek-ի դեմ պատժամիջոցները պայմանավորված են նախագահի նախկին դաշնակից իմամ Ֆեթուլլահ Գյուլենի ցանցի հետ ենթադրյալ կապերով, որը հետո դարձավ նրա գլխավոր թշնամին:
Ընդդիմադիր խմբերը այս որոշումը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված են անվանում: Նրանց կարծիքով, այդ գործողությունների նպատակը ընտրություններից առաջ քննադատությունը խլացնելն է:
Վերջին 25 օրերին քարոզչության եթերի 90 տոկոսն ուղղված է նախագահի եւ նրա կուսակցության գովերգմանը: Ընդդիմությանն անհամեմատ քիչ ժամանակ են թողել, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ստացել է ընդամենը 18 րոպե»:





























