Ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու անհրաժեշտություն կա: Այս մասին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանյուել Վալսին ուղղված ցավակցական հեռագրում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի հեռագրում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով եւ վերահաստատում մեր հանձնառությունը՝ հետեւողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Այժմ առավել քան երբեւէ ուժերը համախմբելու եւ միասնական ջանքերով ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու անհրաժեշտություն կա: Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանը եւ հայ ժողովուրդը Ֆրանսիայի եւ նրա բարեկամ ժողովրդի կողքին են:
Համբերություն եմ մաղթում զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել:





























