Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
Կաթողիկոսի ցավակցական հեռագրում ասվում է.
«Այսօր, երբ Մեր ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության օրերին Մուսալեռան ինքնապաշտպանության 100-ամյակը և երախտագիտությամբ հիշում իր զավակների փրկվելը ֆրանսիական նավատորմի կողմից, մենք շնորհակալության հետ մեկտեղ Մեր ու հավատավոր Մեր ժողովրդի անունից վշտակցություն ու ցավակցություն ենք Հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, Ֆրասիայի եղբայր ժողովրդին:
Խստորեն դատապարտում ենք անմեղ ֆրասիացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները: Ահաբեկչությունը ազգություն չի ճանաչում և ուղղված է ողջ մարդկության, աշխարհի բարօրության, մարդկանց ու ժողովուրդների ապահով ու ստեղծարար համակեցության դեմ: Հավատում ենք, որ Ձեր գլխավորությամբ, Ֆրանսիայի ժողովուրդը պիտի հաղթահարի ստեղծված իրավիճակն ու կորստյան ցավը և պիտի շարունակի վճռական պայքարը ահաբեկչության դեմ` զերծ պահելու աշխարհն ու համայն մարդկության կյանքը նման եղեռնագործություններից ու ոճրագործություններից»:





























