Ամերիկահայերը ցավակցում են զոհերի ընտանիքներին եւ զորակցություն hայտնում Ֆրանսիայի ժողովրդին: Այս մասին հայտարարություն են տարածել Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը:

Նրանց հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաեւ  Հայաստան ծառատունկ ծրագրի եւ Հայկական ազգային ինստիտուտի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին` անիմաստ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ամերիկահայերը դատապարտում են Փարիզում տեղի ունեցած բարբարոսական գործողությունները եւ զորակցում Ֆրանսիային եւ բոլոր բարի կամքի տեր մարդկանց: Մենք աղոթում ենք զոհվածների ընտանիքների համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 132 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: