Ամերիկացի ռոք երգչուհի Ջենիս Ջոփլինի Porsche 356C մեքենան աճուրդում վաճառվել է 1.76 մլն դոլարով։

Ի սկզբանե ակնկալվում էր, որ 1964թ. արտադրված մեքենան կվաճառվի 600 հազար դոլարից ոչ թանկ գնով։ Սակայն անհայտ կոլեկցիոները դրա համար մոտ 3 անգամ ավելի շատ է վճարել։

RM Sotheby's աճուրդի տան այդ օրվա ամենաթանկ լոտը դարձել է մրցարշավային Ferrari 290MM մեքենան, որը 1956թ. արտադրվել էր արգենտինացի մրցարշավորդ Խուան Մանուել Ֆանխիոյի համար։ Մեքենան վաճառվել է 28 մլն դոլարով, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ջենիս Ջոփլինը մահացել է 1970թ. 28 տարեկանում։ Չնայած նրան, որ նա հասցրել է ձայնագրել ընդամենը 4 ալբոմ, երգչուհին համարվում է բոլոր ժամանակների ամենալավ ռոք եւ բլյուզ կատարողներից մեկը։

Երգչուհու պատվերով Porsche 356C մեքենան ներկվել էր վառ փսիխոդելիկ գույներով։ Նրա մահվանից հետո մեքենան ցուցադրվել է Ռոքընռոլի փառքի սրահում եւ Փսիխոդելիկ արվեստի թանգարանում։