Փարիզում կլիմայի խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային համաժողովի արդյունքում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ: Այս մասին ասվում է ամփոփիչ համաձայնագրի նախագծում, որն առաջարկվել է համաժողովի 195 անդամ երկրների հավանությանը:
Համաձայնագրի գլխավոր նպատակը ջերմոցային գազերի արտանետումների զգալի կրճատումն է, որը կսահմանափակի գլոբալ տաքացման տեմպերը մինչեւ 2100 թվականը:
Ամփոփիչ փաստաթղթի նախագծում նշվում է, որ այդ նշաձողը պետք է «զգալիորեն ցածր լինի 2 աստիճանից», իդեալական դեպքում ընդամենը 1,5 աստիճան:
«Ներկայումս ջերմոցային գազերը կրճատելուն ուղղված համաշխարհային հանրության ջանքերը չեն համապատասխանում նշված նպատակին»,-ասված է փաստաթղթում:




























