Թուրքիան ծրագրում է հանել լարվածությունը Իրաքի հետ հարաբերություններում՝ Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված իր զորախումբը ներառելով ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի կազմում, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարությունը ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ: Անկարան ծրագրում է այդ թեմայով բանակցել Բաղդադի հետ, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պահանջել Թուրքիայից դուրս բերել իր զինվորականներին Իրաքի տարածքից:

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ քրդական ժողովրդական ջոկատների մարտիկներին մարզելու անվան տակ Թուրքիան 900 մարդուց կազմված ջոկատ է ուղարկել Իրաք: Բաղդադը բողոք է հայտնել, սակայն Թուրքիան դուրս չի բերել իր զորքերը: