ՄԱԿ-ում պաշտոնապես մեկնարկել է գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախընտրական մրցարշավը, հայտնում է Reuters-ը։ Հարավային Կորեայի նախկին արտգործնախարար, ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը 2016թ. վերջին կհեռանա պաշտոնից 2 անգամ 5-ամյա ժամկետով պաշտոնավարելուց հետո։ Տարբեր տարածաշրջանային խմբերի ներկայացուցիչների ռոտացիայի պատճառով այս անգամ գլխավոր քարտուղար կարող է դառնալ Արեւելյան Եվրոպայի պետություններից մեկի ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ թեկնածուների գաղտնի ցուցակը կազմում են Անվտանգության խորհրդի 15 պետությունները, որոնցից 5-ը վետոյի իրավունք ունեն (Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)։

ԱԽ քարտուղար, ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը եւ Գլխավոր ասամբլեայի նախագահ դանիացի Մոգենս Լիկեթոֆթը դիմել են ՄԱԿ անդամ երկրներին՝ առաջարկելով բարձրացնել թափանցիկության մակարդակը ինչպես նաեւ դիտարկել կին թեկնածուներին։ 1945թ.-ից ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել են միայն տղամարդիկ։

Թեկնածուները պետք է ունենան կազմակերպչական բարձր կարողություններ, միջազգային հարաբերություններում հարուստ դիվանագիտական փորձ եւ մարդկանց հետ շփվելու հմտություններ։