ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցի տվյալներով, աշխարհում ծնված ամեն ութերորդ երեխան լույս աշխարհ է եկել հակամարտության գոտում:  

Նշվում է, որ 2015-ին հակամարտության գոտիներում մոտ   16,6 մլն երեխա է ծնվել, ինչը մոտ   125 հազարով ավելի է, քան անցյալ տարում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կանխատեսումներով, եկող տարի հակամարտության գոտիներում  16,7 մլն երեխա կծնվի:

Զեկույցում հաղորդվում է, որ շատ երկրներում հակամարտությունները հանգեցնում են նրան, որ նորածին երեխաներն ու իրենց մայրերը մշտապես զգալի ռիսկերի են ենթարկվում: Մայրերը ծննդաբերում են առանց բժշկական աջակցության, հակասանիտարական պայմաններում: Նման գոտիներում ծնված երեխաների դեպքում ավելի մեծ է մինչեւ հինգ տարեկանը մեռնելու հավանականությունը, գրում է  Gazeta-ն:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իր զեկույցում տեղեկացնում է նաեւ, որ 2015-ին ավելի քան  200 հազար երեխա ԵՄ-ում ապաստան է խնդրել, իսկ մոտ  30 մլն երեխա ամբողջ աշխարհում ստիպված է եղել իր տունը լքել հակամարտության սպառնալիքի պատճառով: