Երեւանի Մալաթի Սեբաստիա համայնքում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, պաշտոնապես բացված ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում կգործի ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հարթակ:

Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուղղաթիռը կօգտագործվի ծանր եւ շտապ բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին տեղափոխելու նպատակով:

«Ավարիաներ ա, ռայոններից շտապ դեպքեր ա, եթե շտապօգնության կարիք լինի, վերտալյոտով միանգամից կբերենք»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:

Նորակառույց հիվանդանոցը ընդլայնելու նպատակով գործածար-պատգամավորը նախատեսում է ապագայում նույնպես խոշոր ներդրումներ կատարել:

«Մենք նպատակ ունենք Էն ստայանկեն, որ պետք ա սարքենք երեքհարկանի, վրեն էլ տասնմեկ հարկ շարունակելու ենք հիվանդանոց սարքենք»,-ասաց պատգամավորը:

Լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանում հիմա չափից շատ են հիվանդանոցները, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, «Ցավդ տանեմ, հիմա ամեն ինչն էլ շատ են, բայց պիտի կարանան աշխատացնեն, չէ՞»:

Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ նորակառույց հիվանդանոցը հնարավորություն կտա եվրոպական ստանդարտներով բուժօգնություն ստանալ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ստիպված չլինեն որակյալ բուժման համար Եվրոպա գնալ, այնուամենայնիվ, դժվարացավ պատասխանել՝ արդյոք դա վերաբերում է նաեւ ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը:

«Ես մասնագիտական չեմ իմանում, հարցրեք բժիշկներին, չեմ կարա պատասխանեմ»,-ասաց Ալեքսանյանը:

Հիվանդանոցը Սամվել Ալեքսանյանը անվանել է մոր անունով՝ Աստղիկ: