Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ զինվորների կողմից սեռական հանցագործությունները հետաքննելու համար ստեղծված հատուկ առաքելությունը, որն այնտեղ էր ուղարկվել ՄԱԿ ղեկավարությամբ, նոր մանրամասներ է բացահայտել։
Պարզվել է, որ առնվազն 4 խաղաղապահ ոչ միայն օգտվել են անչափահաս աղջիկների (13 տարեկան) սեռական ծառայություններից, այլ նաեւ գումար են վճարել դրա դիմաց։ Հատկապես մեծ վրդովմունքի առիթ է տվել նրանց վճարած գումարի չափը՝ 50 սենթ, փոխանցում է Vesti-ն։
Նշված իրադարձությունները տեղի են ունեցել 2013թ., երբ ԿԱՀ-ում միջկրոնական կոնֆլիկտ էր բռնկվել, իսկ քաղաքները, որտեղ քրիստոնյաներն ու մուսուլմաններն ապրում էին միախառնված, դրանց հակազդեցության հարթակ էին դարձել։ Հետաքննության տեղեկություններով՝ խաղաղապահների եւ անչափահաս աղջիկների միջեւ սեռական կապը տեղի է ունեցել Մպոկոյի տեղահանված անձանց ճամբարում։ Ընդհանուր առմամբ 2013-2015թթ. ԿԱՀ-ում գրանցվել է խաղաղապահների կողմից սեռական բռնության 22 դեպք։
Ընդ որում, սեռական բռնության են ենթարկվել ոչ միայն աղջիկները, Չադից, Հասարակածային Գվինեայից եւ Ֆրանսիայից ժամանած առնվազն 14 մարդ մեղադրվում է 2014-2015թթ. իննից տասնհինգ տարեկան 6 տղա բռնաբարելու մեջ։
Մանկապիղծների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» խոստումները բախվում են քրեական գործերի եւ հետաքննությունների ձգձգվող գործընթացներին։



























