Չեռնոգորիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պաշտոնապես ներկայացրել է իր ԱԳ նախարար Իգոր Լուկշիչի թեկնածությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չեռնոգորիայի կառավարության անունից՝ ՄԱԿ-ին ուղարկված նամակում նշվում է, որ Լուկշիչն ունի անհրաժեշտ բոլոր գիտելիքները, որակները եւ փորձը Կազմակերպության գլխավոր քարտուղարի աշխատանքը կատարելու համար:
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի (այդ պաշտոնում է 2007-ից) լիազորություններն ավարտվում են այս տարվա դեկտեմբերի 31-ին:
Այս պահին բացի Չեռնոգորիայից, եւս երկու երկրներ ներկայացրել են իրենց թեկնածուներին: Նրանք են Խորվաթիայի ԱԳ նախարար Վեսնա Պուսիչը եւ Մակեդոնիայի ԱԳ նախկին նախարար Սրջան Քերիմը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ընտրարշավը մեկնարկել է 2015-ի դեկտեմբերի կեսերին: Նախնական տեղեկություններով, թեկնածությունները քննարկվելու են մինչեւ այս տարվա հուլիս: Նշվում է, որ ՄԱԿ-ի գոյության ընթացքում գլխավոր քարտուղարներից ոչ մեկը չի ներկայացրել Արեւելյան Եվրոպան, ինչպես նաեւ նրանց ոչ մեկը կին չի եղել:



























