NEWS.am–ը ներկայացնում է փետրվարի 24–ի գլխավոր լուրերը` «մեկ տողով»

ՀՀԿ–ն եւ ՀՅԴ–ն կրկին կոալիցիոն գործընկերներ են։ Նախագահի նստավայրում այսօր կնքվել է քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որով ՀՅԴ–ն կիսում է քաղաքական պատասխանատվությունը կառավարման բոլոր ոլորտների համար։ Դաշնակցականների կողմից համաձայնագիրը ստորագրած Աղվան Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ այս քայլի հետեւանքով իրենք ժողովրդի վստահությունը չեն կորցի։

Սերժ Սարգսյանն արդեն նշանակել է Դաշնակցական նախարարներին։ Արմեն Աշոտյանի փոխարեն Կրթության եւ գիտության նախարար է նշանակվել Լեւոն Մկրտչյանը, Կարեն Ճշմարիտյանի փոխարեն` էկոնոմիկայի նախարար է դարձել Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը զբաղեցրել է նորաստեղծ տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարության ղեկավարի պաշտոնը։ 

Հեռացող Հանրապետական նախարարներն արդեն իրերն են հավաքում, որ ճանապարհ բացեն դաշնակցականների համար։ Արմեն Աշոտյանը, որն իր աշխատասենյակը զիջում է Լեւոն Մկրտչյանին, հորդորել է իրեն ժամանակից շուտ թոշակի չուղարկել։ 

Վարդգես Գասպարիին կալանավայրում խոշտանգումների են ենթարկել. խցակիցները նրան ծեծել են, վրան սառը ջուր լցրել` ահազանգել է Զարուհի Փոստանջյանը։ Արդարադատության նախարարը պատասխանել է` Գասպարին իրեն լավ  է զգում, իսկ խցակիցների հետ ինքն է փչացրել հարաբերությունները, երբ իր սովորության համաձայն բանտախցում գետնին պառկած բողոքի ակցիա է արել։

«Մենք բոլորս Գասպարի ենք»  մեսիջով մի խումբ երիտասարդներ այսօր երեկոյան պառկել են նախագահական նստավայրի դիմաց` Վարդգես Գասպարիի ոճով բողոքելով նրա կալանավորման դեմ։ Ոստիկանները ոտքերից, ձեռքերից բռնած երիտասարդներին դուրս են բերել ճանապարհից, եւ բերման ենթարկել։

Երեւանում երկու տարեկան տղան «Վալերիանայի»  հաբեր է խմել ու թունավորվել։ Երեխան այժմ հիվանդանոցում է։ Պարզվում է` փոքրիկը մի պահ մնացել է առանց հսկողության, դարակից հանել է դեղի սրվակը, կոտրել այն ու կուլ տվել հաբերը։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։

Երեւանում 36–ամյա կինը ինքնասպանություն է գործել 9–րդ հարկից նետվելով։ Երկու երեխաների մայրը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Դեպքի պահին ընտանիքի անդամները տանն են եղել, սակայն չեն կարողացել կանխել ինքնասպանությունը։

Վանաձորում կնոջ հոշոտված մարմին են գտել։ Կենդանիների հոշոտած դիակը հայտնաբերել են երկաթգծից մի քանի մետր հեռու` ակոսի մեջ։ Կնոջ ինքնությունը եւ մահվան պատճառը դեռ պարզ չեն։

Բացահայտվել է 34–ամյա տղամարդու սպանության գործը։ Նախօրեին Արարատի մարզում ջրատարի մեջ հայտնաբերված տղամարդը Ջրաշենի բնակիչ Գարիկ Արզունյանն է, որը 10 օր առաջ դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել։ Պարզվել է, որ նրան սպանել են, դին այրել: Սպանությունը կատարելու կասկածանքով կան բերման ենթարկվածներ։

Ռուսաստանը 2 օդաչուի համար Թուրքիայի նման բարեկամ կորցրեց` ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահի խոսքով` Սիրիայի հարցը Ռուսաստանի համար շահի հարց է, իսկ թուրքերի համար՝ կյանքի։ Ռուաստանն իր հերթին առիթը բաց չի թողել Թուրքիային հերթական անգամ քննադատելու։ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ասել է` պատմությունը կրկնվում է, Թուրքիան ինչպես 19–րդ դարում, այժմ էլ չարի կողմից է, որի դերում այժմ ահաբեկիչներն են։ Ի դեպ, Ռուսաստանն այսօր ամբողջությամբ խզել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը` տեղեկացնելով, որ նոր պայմանագրեր կլինեն միայն այն ժամանակ, երբ իրավիճակը փոխվի Ռուսաստանի նշած պայմաններով։

Փափուկ վայրէջք` մայրուղու վրա։ Թեթեւ շարժիչով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Լոս Անջելեսի կենտրոնական փողոցներից մեկում: Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն հինգ ավտոմեքենա է վնասվել։

Ամանորի տոնական օրերին նրանք աշխատել են առանց հանգստանալու, սակայն մինչեւ օրս չեն վարձատրվել։ Այսօր բողոքի ակցիա են արել «Սանիտեկ»–ի աշխատակիցները ։ Նրանք պահանջում են վճարել տոն օրերի ձնամաքրման աշխատանքների պարտքը։

Անհատ տաքսիստները կայանատեղի են պահանջում «Երեւան մոլի» դիմաց։ Հասարակական տրանսպորտի կանգառը տեղափոխել են, եւ հիմա տաքսիները կանգնելու տեղ չունեն։ Պատվիրատու գտնելու համար վարորդներն ստիպված խախտում են կանոնները, տեսախցիկներից խուսափում են համարանիշները փակելով, ինչի համար էլ ավտոտեսուչներն են տուգանում։

Դոլարը, եվրոն եւ բրիտանական ֆունտն այսօր զգալիորեն էժանացել են, դոլարը` մեկուկես, եվրոն` երկու, բրիտանական ֆունտը` մոտ 11 դրամով, ռուբլու անկումն ավելի փոքր է։ Այսպիսով` դոլարն այսօր արժե 492, եվրոն` 540, ֆունտը` 685, ռուբլին 6.38 դրամ։

Օդի ջերմաստիճանը Հայաստանում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում այս գիշեր սպասվում է անձրեւ, վաղը ցերեկը` առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կհասնի +15–ի։