NEWS.am-ը ներկայացնում է մարտի 2-ի գլխավոր լուրերը՝ համառոտ:
Կառավարությունը վերջապես հրապարակել է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Ընդդիմությունը վրդովված է՝ փաթեթը Վենետիկի հանձնաժողով են ուղարկել առանց իրենց ներկայացնելու: Կառավարության հաստատումից հետո այն կուղարկվի խորհրդարան, որտեղ քննարկումներն ըստ ամենայնի թեժ են լինելու: Ընդդիմության գլխավոր պահանջները՝ քվեարկածների ցուցակների հրապարակումը եւ մատնահետքով քվեարկությունը, նախնական տեքստում բացակայում են: Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ 2016թ. հունիսի 1-ը։
Գարնանամուտը նրանց համար բարի չէր: Ոստիկանության Շիրակի, Արագածոտնի եւ Կոտայքի վարչությունների պետերն այսօր աշխատանքից հեռացվել են Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Նույն օրը ոստիկանապետը նրանց փոխարեն նոր մարդիկ է նշանակել, աշխատանքից ազատել է Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի պետին, նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության Մաշտոցի բաժինը՝ ամբողջ կազմով:
Նուբարաշենի կալանավայրում կախված վիճակում հայտնաբերված տղամարդը Մխիթար Սարգսյանն է, որը կալանավայրում էր հայտնվել ընդամենը երեք ամսով՝ որդու 12-ամյա ընկերոջը ծեծելու համար: Նա մի քանի օրից պետք է ազատության մեջ լիներ: Մխիթարի հարազատները չեն հավատում ինքնասպանության պաշտոնական վարկածին, քանի որ նա մի քանի անգամ բողոքել է, որ բանտակիցները ճնշում են իրեն:
Արտակը Մալաթիայի տոնավաճառում նախկին կնոջը դանակի 30 հարվածով սպանել է խանդից դրդված: Նա այսօր դատարանում նաեւ ասել է, որ Ռուսաստանից վերադառնալով՝ հայտնաբերել է, որ կինը գիշերները սկայպով խոսել է իրենց ծանոթ մի թուրքի հետ, գնացել է նրա աշխատավայր ու բոլորի աչքի առջեւ սպանել: Ի դեպ, սպանված կնոջ քույրն ասում է, որ այդ թուրքին Արտակը գումար էր պարտք, եւ ստիպում էր, որ կինը պատասխանի նրա զանգերին:
Կարինե Ղումաշյանը փորձել է սեփական որդուն ներքաշել Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ: Այս մասին նախաքննական ցուցմունքում պատմել է Կարինեի որդին, որն Արցախի զորամասերից մեկում ծառայող լեյտենանտ է: Թուրքիայում բնակվող մայրը նրան համոզել է, թե ֆրանսահայ մի բարերար ուզում է օգնել բանակին, ինչի համար նրան տեղեկություններ են պետք: Որդին շատ արագ հասկացել է, որ ֆրանսահայն իրականում ադրբեջանցի է եւ դադարեցրել շփումը: Կարինեին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:
Լիցենզավորված տաքսիստները՝ ընդդեմ ինքնակոչ վարորդների: Տաքսիստներն այսօր բողոքի ակցիա են արել ու պահանջել, որ ամեն իմացող-չիմացող տաքսու ղեկը ձեռքը չվերցնի ու իրենց հացից չզրկի: Նույն տարածքում բողոքում էին նաեւ չլիցենզավորված տաքսիստները. ասում էին՝ լիցենզիա չենք վերցնում, որովհետեւ թանկ է:
Մոսկվայում 4-ամյա աղջկա գլուխը կտրած դայակը դատարան է գնացել բարձր տրամադրությամբ: Ուզբեկ կինը ժպտում էր ու ձեռքով ողջունում լրագրողներին: Նա ընդունել է իր մեղքը, սակայն ասել է, որ չի խղճում աղջկան: Հարցին, թե ինչու է այդ քայլին դիմել՝ պատասխանել է, թե Ալլահն է հրամայել: Կնոջ մոտ հոգեկան սուր խանգարում է ախտորոշվել: Քննիչներն այժմ որոնում են նրա ամուսնուն, որը կարող է կապ ունենալ սպանության հետ։ Կասկածներ կան, որ հանցագործությունը կատարվել է որոշ անձանց հրահրմամբ։ Դաժանաբար սպանված երեխայի տան մոտ երեկվանից ռուսաստանցիները ծաղիկներ ու խաղալիքներ են դնում:
Միացյալ Նահանգների նախագահի ընտրապայքարում արդեն ուրվագծվում են առաջատարները: Այսպես կոչված սուպերերեքշաբթիի արդյունքներով՝ դեմոկրատների հաղթող թեկնածուն Հիլարի Քլինթոնն է, հանրապետականներինը՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Փրայմերիզներ կամ նախնական ընտրություններն անցկացվել են 12 նահանգներում: Նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում մրցապայքարը ըստ երեւույթին հենց նրանց միջեւ կընթանա, քանի որ ավանդաբար սուպերերեքշաբթին է վերհանում ակնհայտ առաջատարներին:
Սուննի եւ շիա մահմեդականների միջեւ պատերազմը նոր փուլ է մտնում: Պարսից ծոցի արաբական վեց երկրները Հզբոլլահը ճանաչել են որպես ահաբեկչական շարժում: Հայտարարության մեջ ասվում է, որ պատճառը Հըզբոլլահի թշնամական գործողություններն են իրենց երկրների տարածքում: Իրականում պատճառը գերազանցապես սունիներով բնակեցված Սաուդյան Արաբիայի եւ Հզբոլլահին հովանավորող շիաբնակ Իրանի միջեւ խոր տարաձայնություններն են:
Չինաստանում երեխան ընկել է մայրուղով սլացող մեքենայի թափքից:
Մարտի 2-ին դոլարի, ռուբլու , եվրոյի ու ֆունտի փոխարժեքները նվազել են։ Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 490 , ռուբլունը՝ 6.62, եվրոյինը՝ 533 , ֆունտինը՝ 683 դրամ։
Մարտի 3-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում նույնպես տեղումներ չեն լինի: Այս գիշեր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +7-ի, իսկ վաղը ցերեկը`+22 -ի:











