Հայաստանից Ռուսաստան բանջարեղենի մատակարարումների աճը կապված է լավ բերքի եւ այդ երկրի արտադրողների` ռուսաստանյան շուկայում նիշա զբաղեցնելու ցանկության հետ, ոչ թե Թուրքիայից եւ Եվրամիության երկրներից արտադրանքի վերաարտահանման, ասված է Ռոսսելխոզնադզորի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

Ռոսսելխոզնադզորը հայտնել է, որ տարեսկզբից Հայաստանից, ինչպես նաեւ Եգիպտոսից Ռուսաստան լոլիկի մատակարարումների աճ է դիտարկվում: Ծառայության տվյալներով, հունվարից փետրվար Հայաստանից մատակարարվող լոլիկի ծավալը աճել է մինչեւ  1 հազար տոննա, իսկ Եգիպտոսից` 2 հազար տոննա:

Մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում Եգիպտոսից վերոհիշյալ արտադրանքը մատակարարվում էր աննշան քանակությամբ, իսկ Հայաստանից ընդհանրապես չէր ներկրվում: Տեսչությունը հինգշաբթի հավելել է, որ տարեսկզբից նաեւ կաղամբի եւ այլ բանջարեղենի ութապատիկ ավելացում է արձանագրվել, իսկ խնձորի ներմուծումն ավելացել է չորս անգամ:   

Մարտի 2-ին Ռոսսելխոզնադզորը ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցություններ է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչների հետ:

«Ռուսական կողմը հաղորդել է, որ հաշվի առնելով բուսական արտադրանքի անօրինական ներմուծման մեծացած ռիսկերը, որոնք կապված են Թուրքիայի եւ Եմրամիության երկրների նկատմամբ տնտեսական սահմանափակումների հետ, Ռոսսելխոզնադզորը աշխատանք է կատարում ֆիտոսանիտարական հավաստագրերի տրամադրման ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են   Ռուսաստան պտուղբանջարեղենային արտադրանք ներմուծելու համար», — նշում է ծառայությունը: 

Տեսչությունը հավելում է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ամենակարճ ժամկետում այնպիսի մեխանիզմների մշակմամբ, որոնք կարող են հաստատել արտադրանքի ներմուծման համար Հայաստանի տրամադրած փաստաթղթերի իսկությունը: 

Հայաստանի ներկայացուցիչները Ռոսսելխոզնադզորին հավաստիացրել են, թե Ռուսաստան բանջարեղենի մատակարարումների աճի պատճառը թուրքական եւ եվրոպական արտադրանքի վերաարտահանումը չէ, այլ տեղական արտադրողների ցանկությունը` շուկայում զբաղեցնել այն նիշան, որն ազատվել է ՌԴ-ի կողմից սննդամթերքի էմբարգո մտցնելուց հետո: