Գերմանացիների` մեծ քաղաքներում ապրելու ձգտումը հանգեցրել է բնակտարածքի գների զգալի աճի: Վերջին տասը տարվա ընթացքում քառակուսի մ-ի արժեքն աճել է Գերմանիայի խոշոր քաղաքների 80 տոկոսում: Դրանցից ամենաթանկում` Մյունխենում` գրեթե երկու անգամ:
Առաջիկա տասնհինգ տարվա ընթացքում այդ միտումը կպահպանվի, բայց ոչ ամեն տեղ: Ինչպես ցույց է տվել գերմանական Postbank բանկի հետազոտությունը, բնակարանների գների դինամիկան կախված է բնակչության թվի աճի տեմպերից: Այդ պատճառով բնակտարածքն ամենից շատ կթանկանա այն քաղաքներում, որտեղ բնակչության աճն առավել զգալի կլինի, այդ թվում նաեւ` Գերմանիա եկող փախստականների հաշվին, գրում է DW-ն:
Քաղաքի բնակչության թվի մեկ տոկոս աճի դեպքում բնակարանները թանկանում են միջինը 3,5 տոկոսով, իսկ տները` 1,9-ը, հաշվարկել են Postbank-ի տնտեսագետները: Հետազոտության հեղինակները կանխատեսել են Գերմանիայի 36 խոշոր քաղաքներում մեկ քառակուսի մ-ի դիմաց գների դինամիկան: Իրենց եզրակացությունները նրանք հիմնել են այն ենթադրության վրա, որ մինչեւ 2030 թվականը այն միգրանտների թիվը, որոնք փախստականի կարգավիճակ կստանան եւ կմնան Գերմանիայում, մեկ մլն կկազմի: Այն բանից հետո, երբ Գերմանիան անցալ տարի ավելի քան մեկ մլն միգրանտ է ընդունել, հաջորդ տարիներին նրանց թիվը պիտի կրճատվի` հաշվի առնելով, որ բոլորովին էլ ոչ բոլորը փախստականի պաշտոնական կարգավիճակ եւ երկարաժամկետ գրանցում կտսանան. Իսկ իշխանությունները կխստացնեն ընդունման կանոնները, բացատրում են հետազոտողները:
Ամենից ավելի բնակիչների թիվը եւ համապատասխանաբար քմ-ի արժեքը 2030-ին կաճի Բեռլինում, ասված է հետազոտության մեջ:
Երկրորդ եւ երրորդ տեղերում են հայտնվել Պոտսդամը եւ Համբուրգը: Այս քաղաքներում բնակարանների գները 15 տարում կաճեն համապատասխանաբար 14,03 եւ 13,86 տոկոսսով, կանխատեսում է Postbank-ը: Հետաքրքիր է, որ ցուցակի ամենաներքեւում Մյունխենն է. այստեղ քմ-ի արժեքը կավելանա ընդամենը 4,39 տոկոսով:
Քեմնիցում բնակարանների արժեքը 2030-ին կնվազի մոտ 50 տոկոսով, մինչ բնակիչների թիվը կկրճատվի 13,47 տոկոսով:
Բանկի կանխատեսման համաձայն, 2030-ին մեծ բնակմակերեսով բնակտարածքների պահանջարկը կաճի քաղաքների 75 տոկոսում:




























