WTI տեսակի նավթը վերադասավորումների ֆոնին վաճառվելու է 25-40 դոլարի սահմաններում։ Նման կանխատեսումներ են արել Morgan Stanley-ի վերլուծաբանները։ Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ում վառելիքի պաշարները շարունակելու են աճել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը։

«Իրանը շարունակում է պատժամիջոցների չեղարկումից հետո մեծացնել արդյունահանման ու արտահանման ծավալները։ Ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում նավթի մատակարարումները կմեծանան»,- ասված է բանկի տեսության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները տատանվում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում(NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,29 տոկոսով՝ հասնելով 38,39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,12 տոկոսով՝ հասնելով 40,44 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: