ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւը չի ազդի «Իսլամական պետության» եւ նմանատիպ ահաբեկչական կազմակերպությունների գործունեության վրա։ Այս մասին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում հայերի, ասորիների եւ եզդիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ ահաբեկչության թիրախը ոչ թե քրիստոնյաներն են, այլ նաեւ հենց մուսուլմանները։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կարող է արդյոք բանաձեւի ընդունումը Հայոց ցեղասպանության ճանաչման նախանշան լինել, Ալեքսանդր Մարկարովը թերահավատություն հայտնեց։ «Վստահ եմ, որ այստեղ կապ չկա։ Օսմանյան կայսրությունը ահաբեկչական խմբավորում չի ճանաչվել, իսկ նրա ղեկավարությանը Հայոց ցեղասպանության կազմակերպման պատասխանատու չի ճանաչվել, նրանց ահաբեկիչներ չեն համարում»,- ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե բանաձեւի ընդունումն արդյոք ուշացած քայլ է, քաղաքագետը նշեց, որ առաջադեմ մարդկությունը վաղուց պայքարում է ահաբեկչության դեմ։ «Երբ գլխի ընկան, պարզվեց, որ իրավիճակը շատ հեռուն է գնացել։ Վիրահատական միջամտությունը բավական չէ, մետաստազները տարածվել են, վիրաբույժները չեն կարողանում պայքարել ուռուցքի դեմ, ուրիշ վիրաբույժների են կանչել։ Հարցն այն է, թե կհաջողվի՞ արդյոք խնդիրը վիրահատական ճանապարհով լուծել, թե ստիպված գոյակցել այդ քվազիպետության հետ՝ խնդիրները լուծելով հընթացս»,- ասել է քաղաքագետը։