Լոս Անջելեսում, մարտի 17-ին, կիսակառույց երկնաքերի 53-րդ հարկից բանվոր է ընկել ցած: Խոսքը 335 մետր բարձրություն ունեցող Wilshire Grand Tower երկնաքերի մասին է, որը պետք է դառնա ամենաբարձրը ԱՄՆ արեւմտյան ափին: Սա առաջին մահացու դեպքն է երկնաքերի շինարարության ընթացքում, որն ընթանում է արդեն երկու տարի եւ կավարտվի 2017 թվականին, գրում է Reuters-ը:

Fox News-ի տվյալներով մահացածը էլեկտրիկ էր, որը երկու օր առաջ էր աշխատանքի անցել: Դեռ պետք է պարզել, թե ինչ էր նա անում 53-րդ հարկում, քանի որ նրա աշխատանքը 3-րդ հարկում էր: Նա անգամ պաշտպանիչ գլխարկ չի ունեցել:

Կապալառու ընկերությունից վստահեցրել են, որ երկնաքերի վրա աշխատող 900 աշխատակիցները անվտանգության դասընթացներ են անցել: Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել փաստի առթիվ:

Էլեկտիկն ընկել է մեքենայի վրա, որի կին վարորդը թեեւ չի տուժել, բայց շատ է վախեցել եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: