Բելգիայում Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող իսլամիստ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը հզոր հարված էր Եվրոպայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Խոսքը հզոր  հարվածի մասին է, որը հասցվել է Եվրոպայում ԻՊ-ին: Այս շաբաթ իրականացված  գործողությունները թույլ են տվել  մի քանի հոգու վնասազերծել, որոնք շատ մեծ վտանգ էին ներկայացնում եւ վճռական էին տրամադրված»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Սալահ Աբդեսլամը ձերբակալվել էր մարտի 18-ի երեկոյան Բրյուսելի Մոլենբեկ շրջանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում: Հրաձգության ժամանակ 26-ամյա իսլամիստը վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրան առաջիկա ժամերին կտեղափոխեն Բելգիայի դաշնային ոստիկանություն: