Իրականում Եվրոպայի այժմյան միգրացիոն ճգնաժամի աղբյուրը թուրքական ղեկավարության քաղաքականությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին:

Նրա խոսքով, ԵՄ-Թուրքիա համաձայնությունը չի հանգեցնի Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի կասրգավորմանը: Փորձագետի համոզմամբ, տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան հերթական անգամ շանտաժի է ենթարկում Եվրոպային եւ գումար շորթում:

«Ցավոք, ընդունվել է որոշում, որը ոչ ոք չի կարող վերահսկել, քանի որ մենք հստակ հասկանում ենք, որ թուրքական կողմը սերտորեն համագործակցում է ահաբեկչական խմբավորումների հետ: Այն, որ թուրքական կողմն է որոշելու, թե ում պետք է Եվրոպա ուղարկի, ով պետք է Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանա, իրականում սպառնալիք է ամբողջ Եվրոպայի համար, քանի որ թուրքական իշխանություններին վստահել պետք չէ: Թուրքիան Մերձավոր Արեւելքում այդ հակամարտության մասնակից է, իսկ ավելի կոնկրետ՝ տարածաշրջանում ահաբեկչության տարածման աղբյուր»,- ամփոփեց Պիսկորսկին:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ուժի մեջ մտած ԵՄ-Թուրքիա գործարքի պայմանների համաձայն, Անկարան հետ կընդունի ապօրինաբար Հունաստանի ափերը հասած փախստականներին՝ վիզային սահմանափակումների վերացման, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի արագացման եւ լրացուցիչ եւս 3 մլրդ եվրոյի տրամադրման փոխարեն: Հաղորդվում է, որ Եվրամիությունը Թուրքիայի համար վիզային սահմանափակումները կվերացնի արդեն այս տարվա հունիսի վերջին: