Բրյուսելում մարտի 22-ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Ստամբուլում եւ Անկարայում Բելգիայի դիվանագիտական ներկայացուցչությունները փակվել են։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Բելգիայի դեսպանատունը եւ Ստամբուլում Բելգիայի հյուպատոսությունը Բրյուսելի ահաբեկչություններից հետո փակվել են եւ չեղյալ հայտարարել մարտի 22-ի համար նախատեսված բոլոր հանդիպումներն ու գործարքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Օդանավակայանում ահաբեկչություններից զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 35-ը։

Եվս երկու պայթյուն հնչել էր մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Այս պահի դրությամբ մետրոյում պայթյունից զոհվել է 15, վիրավորվել՝ 55 մարդ: