Եվրոպական պետությունները չեն պատրաստվում իրենց արժեքային համակարգը փոխել քրեական շարժառիթներ ունեցող մի քանի մարդու պատճառով, որոնցից շատերը դատվածություն են ունեցել եւ ունեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բրիտանական անկախ Հակամարտությունների հետազոտման եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Լենգթոնը:
Նրա խոսքով, չնայած եվրոպական պետական եւ միջպետական անվտանգության մեխանիզմներում ակնհայտ ձախողումներին, չափի զգացում պիտի լինի: «Այսպես կոչված «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներն օգտվել են Եվրոպայի ազատական եւ ժողովրդավարորեն զարգացած համակարգից միայն նրա համար, որ մարդկանց սպանեն Իսլամի աղավաղված ընկալում օգտագործելով», - նշել է Լենգթոնը: Եվրոպայում, շարունակել է նա, այժմ տեղի է ունենում անվտանգության կառույցների ամրապնդում, հետախուզության եւ տեղեկությունների փոխանակման ծառայությունների ավելի սերտ ինտեգրացիա: Դա, բրիտանացի փորձագետի կարծիքով, կմիավորի Եվրամիության երկրներին ահաբեկչությանն ավելի համարժեք պատասխան տալու նպատակով:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն է տեղի ունեցել, երկուսը` օդանավակայանում եւ մեկը` մետրոյում: Բելգիայի մայրաքաղաքում պայթյուններից ավելի քան 30 մարդ է զոհվել: Պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:





























