ՌԴ-ում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները կայցելեն ապրիլի 2-րդ կեսին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին դեսպանատնից:

Դեսպանության պատասխանատուների այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հարությունյանի առողջական վիճակին և ուղղիչ հիմնարկում գտնվելու պայմաններին:

«Ռուսական կողմին մեր այցի մասին տեղեկացնելուց 2 շաբաթ անց արդեն կարող ենք տեսակցել Հրաչյա Հարությունյանին»,- հայտնեցին դեսպանատնից:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանն իր վարած բեռնատարով 2013թ.  հուլիսի 13-ին մխրճվել էր Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Պարզվել էր, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի հետեւանքով արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին:

Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել այդ դատավճիռը:

Հայկական կողմն այս պահին քննարկում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը: