Մեխիկոյի իշխանությունները քաղաքում բնապահպանական իրադրության կտրուկ վատթարացման պատճառով կրկնակի սահմանափակումներ են սահմանել անձնական տրանսպորտի համար։
Առաջին անգամ նման որոշում էր կայացվել մի քանի օր առաջ, եւ այն վերաբերում էր բոլոր մեքենաներին։ Անկախ բնապահպանական զննման արդյունքից՝ հին եւ նոր մեքենաները ապրիլի 5-ից հունիսի 30-ը աշխատանքային շաբաթվա մեջ մեկ օր եւ ամսվա մեջ մեկ շաբաթ օր զրկվում էին երթեւեկելու իրավունքից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիմա իշխանությունները որոշել են լրացուցիչ սահմանափակումներ մտցնել։ Այսպես՝ եթե ի սկզբանե չորեքշաբթի երթեւեկելու իրավունքից զրկվում էին 3 եւ 4 թվերով ավարտվող պետհամարանիշերով մեքենաները, ապա հիմա նրանց են միանում 0 եւ 9 թվերով ավարտվող պետհամարանիշերով մեքենաները։ Ռեժիմը խախտելու համար լուրջ տուգանք է սահմանված, իսկ մեքենան տեղափոխվում է տուգանային հրապարակ։
Մարտի կեսին Մեխիկոյում 14 տարվա մեջ առաջին անգամ օզոնի բարձր խտության պատճառով արտակարգ դրություն էր սահմանվել։ Օզոնի խտության ցուցանիշը հասել էր 203 կետի։



























