Երեւանի Հալաբյան փողոցում նախօրեին ավտոբուսի պայթյունի վերաբերյալ միջազգային մամուլում շրջանառվող ահաբեկչության վարկածը լիարժեքորեն հերքվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Իրական վարկածն այն է, որը նախաքննությունն իրականացնող մարմինն արդեն հրապարակել է»,- ասել են դատախազությունից:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: