Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծում, որի վերաբերյալ քվեարկելու են հունիսի 2 –ին, խոսվում է այն ժամանակվա Թուրքիայի մեղքի եւ պատասխանատվության մասին, ոչ թե ներկայիս: Այդ մասին ասված է իտալական «Repubblica» թերթի հոդվածում:
«Գերմանիայում ցեղասպանության մասին առաջինը խոսել է նախագահ Յոակիմ Հաուկը: Այն ժամանակվանից այս թեմայով հանրային քննարկումները ոչնչով սահմանափակված չեն:
Այն աստիճան սահմանափակված չեն, որ հունիսի 2-ին Բունդեսթագի պատգամավորները պետք է քվեարկեն մի բանաձեւի նախագծի վերաբերյալ, որում, վերնագրից սկսած, խոսվում է Հայոց ցեղասպանության մասին:
Բանաձեւի վերնագիրն է. «Հայոց ցեղասպանության եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների 1915 եւ 1916 թվականների ցեղասպանությունների հիշատակի եւ հիշատակման մասին»: Այս բանաձեւին ակտիվորեն աջակցում են քրիստոնյա դեմոկրատները, որոնց ղեկավարում է Անգելա Մերկելը, սոցիալ-դեմոկրատները եւ կանաչները:
Բանաձեւում անդրադարձ կա նաեւ Գերմանիայի ծանր պատասխանատվության թեմային, «Ռեյխի ամոթալի դերին, որը, չնայած գերմանացի դիվանագետների եւ միսիոներների տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց, որպեսզի կանգնեցնի մարդկության դեմ այդ հանցագործությունը»:
Մինչ այժմ թուրքական դպրոցներում խուսափում են պատմել հայերի տեղահանության մասին: Իսկ պատմաբան Յուսուֆ Խալաչօղլուն` ծայրահեղ ազգայնական Թուրքական պատմական ընկերակցությունից, ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ արդարացնում է մարդկանց տեղահանությունը` ասելով, թե հայերը «թիկունքից հարձակվեցին թուրքերի վրա», որովհետեւ կռվում էին ռուս ցարի գայիսոնի ներքո:
«Գերմանիայի փորձը ցույց է տալիս, թե որեւէ հասարակության համար որքան դժվար է առերեսվել սեփական պատմության մութ էջերին: Պետք է տարբերել հանցագործություն կատարողների մեղքը եւ այսօր ապրողների պատասխանատվությունը», - ասված է բանաձեւի նախագծի տեքստում: Հենց այս նուրբ, բայց շատ կարեւոր տարբերությունն է քրիստոնյա դեմոկրատներին մղել Բունդեսթագում բանաձեւի նախագիծ ներկայացնելու, կարծում է ՔԴՄ-ի պատգամավոր Ֆրանց Յունգը: «Այսօր խոսքն այն մասին չէ, որ Թուրքիային մեղադրյալի աթոռի մոտ հրավիրենք, Թուրքիայի այսօրվա կառավարությանը մեղադրենք ցեղասպանության համար: Խոսքն այն մասին է, որ Անկարան պետք է ընդունի պատմության առաջ իր պատասխանատվությունը:
Գերմանիայի թուրքերն արդեն Բեռլինում բողոքի ցույց են անցկացրել: Ոստիկանության գնահատականով, այնտեղ մոտ 1300 մարդ է հավաքվել»:





























