Ուրախալի լուր է, որ արդարության ձայնը նաեւ Գերմանիայում բարձրացավ ու 101 տարի անց այն նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ գիտակցելով իր պատասխանատվության բաժինը, ինչպես նաեւ գիտակցելով, որ ճանաչումը ապագա սերունդների համար կարող է լինել զսպման մեխանիզմ, որ հանցագործությունը չկրկնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Երկրորդ խնդիրն այն է, որ բացի արդարության ձայնից, ճանաչումը լինելու է դիվանագիտական գործիքներից մեկը, թե ինչպես է Գերմանիան օգտագործելու ճանաչման որոշումը։ Մենք էլ պետք է գիտակցենք, թե ինչպես կարողանանք ճիշտ ձեւով օգտագործել դա։ Քանի որ ցանկացած դիվանագիտական գործիք կարելի է օգտագործել ինչպես հանուն շահերի, այնպես էլ՝ դրանց դեմ»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ հայ-գերմանական հարաբերությունների մեջ առկա խութը հաղթահարվեց․ «Հայ-գերմանական հարաբերությունների մեջ էլ, այսպես ասած, մի խութ հաղթահարվեց, բայց պետք է հասկանանք, որ հանկարծ չստացվի այնպիսի իրավիճակ, որ Գերմանիան լինելով այսօրվա դրությամբ ԵԱՀԿ համանախագահող երկիր՝ հետո փորձի ասել՝ դե քանի որ ես ձեզ համար սա արել եմ, հիմա էլ դուք ինչ որ մի բան արեք։ Պետք է նրբորեն մոտենանք հարցին՝ գիտակցելով, որ ցանկացած երկիր Ցեղասպանությունը ճանաչելով, իր սեփական շահերն է հետապնդում, մի կողմից էլ այն է, որ ապացուցեց՝ ինքը արժեքներով ապրող երկիր է, միգուցե պատմական իմաստով երկարատեւ ժամանակ պահանջվեց մինչեւ եկավ այս որոշմանը»։

Հարցին, թե ինչ կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի համար այս որոշումը, Պողոսյանը պատասխանեց․ «Թե մեզ ինչ կտա այս որոշումը, մեզանից է կախված։ Հարց է, թե ինչպես մենք դա կօգտագործենք, կարողանա՞նք օգտագործել այն մնացած երկրներում, որոնք ասում էին՝ չեն ցանկանում իրենց հարաբերությունը Թուրքիայի հետ փչացնել։ Այսօրվա դրությամբ Եվրոպայի կարեւորագույն երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, ճանաչել են։ Խնդիր պետք է դնենք, որ մնացածն էլ հերթով ճանաչեն։ Դրա հետ միաժամանակ փորձենք հարցը շեշտադրել միջազգային ատյաններում, եւ բանաձեւում տեղ գտած ձեւակերպումները օգտագործել ապագայում մեր փոխհատուցումների խնդիրները բարձրաձայնելու համար։ Մեխանիզմները շատ տարբեր են, գլխավորն այն է, որ հայ դիվանագիտությունը պետք է կարողանա ճիշտ ուղղությամբ օգտագործել՝ նպաստելով մեր բարձրաձայնած հարցերի լուծմանը»։

Նշենք, որ «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության (Völkermord) հիշատակին» անվանումով բանաձեւը Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունվել է այսօր՝ հունիսի 2-ին: Փաստաթղթին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր:

Բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: Բանաձեւում նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Նշվում է նաեւ, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։