Գերմանիայի Բունդեսթագի կողմից այսօր՝ հունիսի 2-ին, ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը Թուրքիայի դեմ ուղղված քայլ չէր, ոչ էլ Թուրքիայի համար դատական վճիռ, այն ընդամենը պատմական եղելությունը հաստատող փաստաթուղթ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի «Հայ դատի» բրյուսելյան գրասենյակի Գերմանիայի ներկայացուցիչ Անդրանիկ Ազնավուրը՝ նշելով որ այս բանաձեւի ընդունումը նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի առջեւ հաշտության դուռ բացելու հնարավորություն է:
«Այս բանաձեւը անցած տարվա բանաձեւից շատ հստակ եւ կարեւոր տարբերություններ ունի՝ հստակ ձեւով ասված է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել եւ պլանավորված ջարդեր եւ տեղահանություններ: Մեզ համար սպասելի էր, որ Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ նախապես մեր շփումներով, մամուլին հետեւելով, հասկացել էինք, որ այդ տրամադրվածությունը հասունացել է: Միակ խոչընդոտն այն էր, որ Արտաքին գործերի նախարարությունը վերջին րոպեներին ինչ-որ փորձեր արեց խանգարելու, բայց չհաջողվեց, անգամ Մերկելը կողմ քվերակեց նաեւ փոխվարչապետը, թեեւ այսօրվա ժողովին ներկա չէին: Սա ցույց է տալիս, որ այս որոշումը շատ ուժեղ ներքին զորակցույթուն ուներ եւ մեզ համար շատ լավ պատվանդան է, որպեսզի մեր առաջիկա քաղաքական գործողությունները շարունակենք հաջողությամբ»,-ասաց նա:
Անդրանիկ Ազնավուրը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից հետո, եթե անգամ վատանան Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները, արդյունքում Թուրքիան կտուժի. «Այդ հարաբերությունները լինեն տնտեսական, թե քաղաքական, Թուրքիան Գերմանիայի կարիքն ավելի շատ ունի: Գերմանիան վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի հետ շատ սիրալիր հարաբերությունների մեջ էր, որպեսզի կարողանար լուծել գաղթականների հարցը: Հիմա արդեն բնականոն հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, այդ իմաստով Գերմանին որեւէ մտահոգություն չունի, եթե Թուրքիան որեւէ տնտեսական պատժամիջոց կիրառի, տուժողը Թուրքիան կլինի: Այստեղ շատ գերմանացի թուրքեր կան եւ, եթե երկրների հարաբերությունները խախտվեն, այդ քաղաացիները կտուժեն»:
Անդրանիկ Ազնավուրը նշեց, որ բոլորի համար էլ սպասելի էր, որ բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան հետ կկանչի Գերմանիայում իր դեսպանին. «Թուրքերը, բնականաբար, սովորության համաձայն, իրենց դեսպանին հետ կանչեցին, որն արդեն սովորականի նման մի բան է: Բոլոր քայլերը կանխատեսելի էին, գիտեինք, որ այդպես էլ անելու են: Այստեղ, բնականաբար, թուրքերը նաեւ ցույցեր, բողոքներ են կազմակերպելու, բայց այդ ամեն ինչը կարեւոր չէ այլեւս: Այս պահին հանգստություն է, բայց ակնկալելի է, որ թուրք ծայրահեղականների կողմից բողոքի ակցիաներ լինեն»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է Անկարա։
Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։





























