Անցյալ տարվա սեպտեմբերից բելգիացի խորհրդարանականների հետ շփումներն ակտիվացել են, ինչը լավ հիմքեր է ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, Ստեփանակերտում Բելգիայի Սենատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակության անդամ Պիտ դե Բրույնի հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԼՂՀ ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ այցի ընթացքում բելգիացի խորհրդարանականին ուղեկցող ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ու Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ անցյալ տարվա սեպտեմբերից բելգիացի խորհրդարանականների հետ շփումներն ակտիվացել են, ինչը լավ հիմքեր է ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել եվրոպացի պատգամավորի՝ Արցախ այցելելու եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետեւանքներին տեղում ծանոթանալու որոշումը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի պատմությանը եւ ներկայիս զարգացումներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որն արտահայտվում է ղարաբաղյան հիմնախնդրի էության եւ բանակցային ձեւաչափի նենգափոխմամբ, այդ ջանքերն առայսօր արդյունք չեն տվել:

«Մեր գործընկերները պետք է հասկանան, որ Արցախի միջազգային ճանաչումը նրա ժողովրդի համար կյանքի իրավունքի ամրագրում է», – նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պիտ դե Բրույնը իր հերթին հետաքրքրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին ամիսների գործունեությամբ, ինչպես նաեւ Արցախի խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանն  ու միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցերով: