Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ոստիկանները վիրավորել են անզեն աֆրոամերիկացուն, որն օգնություն է ցուցաբերել աուտիզմով տառապող իր հիվանդին: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Դեպքը տեղի է ունեցել Մայամիում: Չարլզ Քինսի անունով տղամարդը փորձել է օգնել ինքնակամ հատուկ հաստատությունը լքած հիվանդին: Միջադեպի տեսագրությունում երեւում է, որ ժամանած ոստիկանները տղամարդուց պահանջում են գետնին պառկել եւ ձեռքերը վեր պարզել:

Քինսին կատարում է պահանջը՝ միաժամանակ փորձելով հանդարտեցնել ձեռքին խաղալիք մեքենա ունեցող հիվանդին: Նա ոստիկաններին նաեւ բացատրում է, որ իրենց մոտ զենք չկա, ինչից հետո իրավապահները երեք կրակոց են արձակում: Փամփուշտներից մեկը դիպչում է Քինսիի ոտքին:

Նահանգի իշխանությունները հետաքննում են միջադեպը: Կրակ արձակած ոստիկանին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից: