Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը՝ նախագահի խորհրդական Յուրի Հայրապետյանի գլխավորությամբ: Արցախյան պատվիրակությունը Ցխինվալ է ժամանել՝ Հանրապետության օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Տիբիլովը ջերմորեն ողջունել է հյուրերին՝ նշելով, որ «շատ հաճելի է բարեկամ ժողովրդի ներկայացուցիչներին Հարավային Օսիայում տեսնել»: «Մեր հարաբերությունները եւս մեկ անգամ հաստատում են, որ ճիշտ ուղու վրա ենք: Հույս ունեմ, որ հետագայում նույնպես մեր կապերը կզարգանան»,- ասել է նա:
Նա նաեւ հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խաղաղ եւ հանգիստ կմնա: «Առանց այդ էլ՝ աշխարհում անհանգիստ իրավիճակ է տիրում: Բոլորն ու յուրաքանչյուրը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն՝ խաղաղությունն ու հանգստությունը պահպանելու համար»,- ասել է Լեոնիդ Տիբիլովը:
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար: «Ցանկանում ենք Հարավային Օսիայի ժողովրդին մաղթել ամենայն բարիք, խաղաղություն եւ բարգավաճում: Ուրախ ենք այն փոփոխությունների համար, որ տեղի են ունեցել հանրապետությունում, եւ հույս ունենք, որ Հարավային Օսիայի Հանրապետությունը կշարունակի զարգանալ»,- ասել է ԼՂՀ նախագահի խորհրդականը:
Հանդիպման ավարտին Լեոնիդ Տիբիլովը Յուրի Հայրապետյանին Հարավային Օսիայի Հանրապետության 25-ամյակը նշանավորող մեդալ է շնորհել:





























