Որեւէ նախանշան չկա, որ Նյու Յորքում ահաբեկչական բջիջ է գործում: CNN-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում պայթյունների կազմակերպման կասկածանքով ձերբակալության կապակցությամբ հայտարարել է ՀԴԲ գործակալ Ուիլյամ Սուինին:

Աղբյուրի համաձայն՝ ոստիկանությունն ու ՀԴԲ-ն ներկայում այլ կասկածյալների չեն որոնում, որոնք կարող են մասնակից լինել պայթյուններին: Ամեն դեպքում՝ բնակիչներին կոչ են արել զգոն լինել եւ հաղորդել ցանկացած կասկածելի առարկայի կամ մարդկանց մասին:

Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե ինչն է Ահմադ Խան Ռահամիին դրդել ինքնաշեն ռումբեր տեղադրել:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռահամիի ընտանիքը փոքրիկ ռեստորան է ունեցել Նյու Ջերսիի Էլիզաբեթ քաղաքում, սակայն աղմուկի պատճառով հարեւանների բողոքից հետո այն փակվել է: Ընտանիքը պնդել է, որ իրենց հետապնդում եւ ճնշում են, քանի որ իրենք մահմեդական են: Նրանք դատի են տվել քաղաքային իշխանություններին, սակայն չեն շահել դատը: Հաղորդվում է նաեւ, Ռահամիի հայրը մի քանի տարի առաջ Պակիստան է այցելել:

Ռահամիին ձերբակալել են ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո: Նա երկու ոստիկանի է վիրավորել, ինքն էլ ձեռքից վիրավորվել: