Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը տեղափոխվել է Թուրքիայի Էգեյան ծովափին գտնվող հիվանդանոցներից մեկը, հայտնում է թուրքական Sozcu թերթը:
Թերթի հաղորդագրության համաձայն, Ատամբաեւի ինքնաթիռը նախօրեին վայրէջք է կատարել Ստամբուլում` Նյու Յորքի ճանապարհին, որտեղ Ղրղզստանի նախագահը մտադիր էր մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին: Անմիջապես վայրէջքից հետո Ատամբաեւը բողոքել է կրծքավանդակի հատվածում ցավերից եւ հիվանդանոց է հասցվել շտապօգնության մեքենայով: Այնտեղից նա դարձյալ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է օդանավակայան եւ մասնավոր ինքնաթիռով հասցվել է Էգեյան ծովափին գտնվող թուրքական քաղաքներից մեկը, որտեղ հիվանդանոց է տեղափոխվել:
Գործակալության աղբյուրների տեղեկության համաձայն, նա մանրամասն բուժզննում կանցնի եւ մի որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ:
Սակայն Haberler պորտալի աղբյուրների տեղեկության համաձայն, Ատամբաեւը հիվանդանոց չի տեղափոխվել եւ գտնվել է Թուրքիայի արեւմուտքում Չեշմե քաղաքում գտնվող Sheraton հյուրանոցում:
Ավելի վաղ ղրղզական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ատամբաեւը կարճատեւ աշխատանքային արձակուրդ է վերցրել http://news.am/rus/news/347303.html բուժզննում անցնելու համար առողջական վիճակի վատացման կապակցությամբ: Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Ատամբաեւը սրտի հետ կապված խնդիրների պատճառով չի մասնակցի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 71-րդ նստաշրջանին, ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղրղզստանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Էրլան Աբդիլդաեւը:





























