Ավստրալիայի հյուսիսային Քվինսլենդ նահանգում կործանվել է Robinson R22 երկտեղանի թեթեւ ուղղաթիռ: Պատահարի մեղավորը կովն է, հայտնում է Meduza-ն:

35-ամյա օդաչուն թռչում էր իր նախրի վրայով, երբ ուղղաթիռի մեջ է մխրճվել կովերից մեկի եղջյուրը: Նա փորձել է պոկվել կենդանուց, սակայն ուղղաթիռը կորցրել է հավասարակշռությունը, ընկել է գետնին եւ այրվել: Ուղղաթիռից ոչ մի բան չի մնացել, սակայն օդաչուն չի տուժել եւ այն ժամանակին է լքել: Կովը նույնպես չի վնասվել:

Ավստրալացի ֆերմերները հաճախ են ցածր թռչող ուղղաթիռներ կիրառում նախիրը հսկելու եւ ուղղորդելու համար: Պատճառն այն է, որ նրանք հազարավոր կովերի հետ գործ ունեն, որոնք կարող են մեծ մակերեսով ցրվել: