Ուկրաինայի արեւելքում ռազմական հակամարտության կարգավորման հարցով Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ «առաջիկա շաբաթների ընթացքում»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Գերմանիայի կանցլերի հետ միասին ես նախաձեռնեցի առաջիկա շաբաթներին հանդիպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ՝ առաջ շարժվելու, Մինսկի համաձայնություններն իրականացնելու համար»,- ասել է Օլանդը:

Նա նաեւ միջազգային հանրությանը կոչ է արել վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը: «Որոշումներ կայացնելու ժամանակն է: Եթե մենք չգործենք, սիրիական հակամարտության լուծման ուղիներ գտնելն անհնար կլինի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Բացի այդ, Օլանդը կոչ է արել հնարավոր ամեն ինչ անել՝ կլիմայի հարցով Փարիզի համաձայնությունների շուտափույթ իրականացման համար: Նա հույս է հայտնել, որ երկրները չեն հետաձգի փաստաթղթի վավերացումը, եւ այն ուժի մեջ կմտնի արդեն այս տարի: