Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան երես չի թեքի աշխարհից: Reuters-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Նրա խոսքով, երբ Բրիտանիայի ժողովուրդը կողմ քվեարկեց Եվրամիության կազմից դուրս գալուն, դա չէր նշանակում, որ բրիտանացիները հրաժարվում են իրենց գործընկերներից: Բրիտանիան կշարունակի գլոբալ գործընկեր մնալ խաղաղության ապահովման եւ բոլոր ժողովուրդների բարգավաճման ուղղությամբ միջազգային ջանքերի կենտրոնում:
Անդրադառնալով միգրացիայի, ահաբեկչության եւ գլոբալիզացիայի խնդիրներին՝ Մեյը նշել է քաղաքական ուղղության փոփոխության անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով մարդկանց ակնկալիքները, որոնք խնդիրների լուծման ուղղությամբ ավելի վճռական միջոցներ են ակնկալում:
Մեյը նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի սատարել կլիմայի խնդրի լուծման ջանքերը: Ըստ նրա՝ Բրիտանիան կլիմայի հարցով Փարիզի համաձայնության վավերացման գործընթացը կսկսի մի քանի շաբաթվա ընթացքում:





























