Երկու հայուհիներ Լոս Անջելեսում դատարանի առաջ կկանգնեն Գլենդելի 81-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու համար: Վթարի հետեւանքով տղամարդը մահացել էր:

Քննիչները ենթադրում են, որ 67-ամյա Գոհար Դավթյանն է եղել Toyota Camry-ի ղեկին, որը վրաերթի է ենթարկել Մարտիրոս Հարությունյանին: Տղամարդը վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել, որտեղ ավելի ուշ մահացել է: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Գոհար Դավթյանը փորձել է թաքցնել վրաերթի փաստը, սակայն քննիչները զննել են տեսահսկման խցիկների նկարահանումները եւ ուսումնասիրել ականատեսների ցուցմունքները, նաեւ հարվածի հետքեր են հայտնաբերել կասկածյալի մեքենայի վրա:

Նաեւ հայտնի է դարձել, որ վթարից երկու օր հետո նրա դուստրը՝ 42-ամյա Ալինա Դավթյանը, ապահովագրական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ մեքենան մայրուղու վրա է վնասվել:

Ոստիկանությունը մորը եւ նրա աղջկան ձերբակալել է վթարից մեկ ամիս հետո:

Գոհար Դավթյանին մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով վթարի համար, իսկ նրա դստերը՝ ապահովագրական խարդախության եւ հանցակցության համար: