Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գիտեր, որ Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնությունը չի գործի: Դանիական TV2 հեռուստաալիքի հետ հարցազրույցում մեկնաբանելով Սիրիայի հարցով Մոսկվայի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին Վաշինգտոնի որոշումը՝ Ասադը նշել է, որ ցավում է, բայց գիտեր, որ այդպես էլ կլինի:

«Այդ համաձայնագիրը միայն երկու գերտերությունների բանակցությունների մասին չէ, այստեղ խոսքը կամքի մասին է: Իսկ մենք գիտեինք, որ ամերիկացիները կամք չունեն որեւէ համաձայնության հասնելու»,- նշել է նա:

Ասադի խոսքով՝ համաձայնագրի գլխավոր բաժինը «Ան-Նուսրա»-ի դեմ հարձակումներն են, որն ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական խմբավորում է համարվում: «Բայց սիրիական հակամարտության մեջ դա ամերիկյան հաղթաթուղթն է: Առանց «Ան-Նուսրայի» ամերիկացիները Սիրիայում իրական եւ արդյունավետ հաղթաթուղթ չունեն»,- հայտարարել է նա:

Սիրիայի նախագահը նշել է, որ «չափավոր ընդդիմությունն» առասպել է, ինչպես միաեղջյուրի գոյությունը. «Այդ պատճառով հնարավոր չէ իրականությունից անջատել այն, ինչը գոյություն չունի: Ընդդիմադիրները չեն տարբերակվում, դրանք միեւնույն զինյալներն են»:

Խոսելով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցության դադարեցման լույսի ներքո Սիրիայում իրադրության հնարավոր սրման մասին հարցին՝ Ասադը նշել է, որ լարվածության սրացում եղել է նաեւ այդ համաձայնության դադարեցումից առաջ: