ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, եւ տարեցտարի ընդլայնվում է երկկողմ համագործակցության օրակարգը, Հանրապետության նախագահը կարեւորել է միջպետական երկխոսության շարունակական զարգացումը, որի համար, ըստ նրա, առկա են բոլոր նախադրյալները:
Նախագահը ջերմությամբ է հիշել 2009թ. Քուվեյթի Պետություն կատարած իր այցը եւ բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց արդյունքում երկու երկրներում բացվեցին դեսպանություններ, ավելի ակտիվացման շփումները։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Քուվեյթի հետ ավելի ամրապնդելու եւ խորացնելու հարաբերությունները, որում, նախագահի համոզմամբ, մեծ դեր ունեն Հայաստանի եւ Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչությունները:
Դեսպան ալ Էնեզին վստահեցրել է, որ պաշտոնն ստանձնել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու պատրաստակամությամբ եւ Հանրապետության նախագահին ներկայացրել է իր պատկերացումները փոխշահավետ մի շարք ոլորտներում հայ-քուվեյթյան համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:





























